|
Հայաստանում ուղղաթիռային ավիացիան կազմավորվեց 1960–ական թվականներին, երբ հանրապետությունում լայն ծավալ էր ստացել սոցիալ–տնտեսական շինարարությունը, իր ոլորտն էր առել նաև ճանապարհներից հեռու, անմատչելի լեռնաստանները: Բազմառելիեֆ Հայաստանի համար ուղղաթիռները պարզապես հայտնագործություն էին: Դրանք կարողանում էին վայրէջք կատարել գրեթե բոլոր դժվարամատչելի վայրերում, զանազան բեռներ տեղափոխել, փրկարարական աշխատանքներ կատարել և այլն: Ուղղաթիռի օդաչուների ջանքերով անցկացվեց Քաջարան–Սիսիան–Նախիջևան–Բիչանակի լեռնային գազամուղը: Օդաչուները աշխատել են նաև Հայաստանից դուրս՝ Ուրենգոյ–Ուժգորոդ գազամուղի շինարարության վրա և մեծ փորձ ձեռք բերել այդ ուղղությամբ: Մեծ էր նրանց դերը երկրաբանական հետախուզական աշխատանքներում: Անտառային տնտեսությունը ուղղաթիռների օգնությամբ վերահսկվում և պահպանվում էր հրդեհներից: Պահպանվում էր նաև Սևանա լիճը, պայքար կազմակերպվում անօրեն ձկնորսության և որսագողության դեմ: Գնալով մեծանում էր քաղաքացիական ուղղաթիռների դերը հանրապետությունում, այն վիթխարի նշանակություն ունեցավ հատկապես 1988 թ. երկրաշարժի և Արցախյան պատերազմի ժամանակ: Մինչև 1988 թվականի կեսերը ՙԷրեբունի՚ օդանավակայանի տնօրենը Սուրիկ Վարդանյանն էր: Նրանից հետո այն ղեկավարեց Էդվարդ Բադալյանը:
1990 թվականից օդանավակայանի տնօրեն դարձավ Քաջիկ Մնացականյանը, իսկ 1991 թվականից տնօրինությունը բաժանվեց երկու մասի՝ ՙՈւղղաթիռներ՚ և ՙԻնքնաթիռներ՚:
Ուղղաթիռների հետ կապված բոլոր աշխատանքները ղեկավարում էր Սերգեյ Վանցյանը, իսկ ինքնաթիռներինը՝ Քաջիկ Մնացականյանը:
1991 թ. ստեղծվեց ՙՀատուկ ավիագծեր՚ ավիաընկերությունը, որի մեջ ընդգրկվեցին ՙԱՆ–2՚ և ՙՄԻ–8՚ ուղղաթիռները, և որի տնօրեն նշանակվեց Սերգեյ Լորենցի Վանցյանը
|
|
|
|
|
|